Nune Sargsyan - Komitas "Zoulo", "Shogher jan" (Armenian folk songs)
Описание
Հայ ժողովրդական «Զուլո» երգն է՝ Նունե Սարգսյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Ռուբեն Մուրադյանը:
Մանուկ Աբեղյանի երկերի Բ հատորում (Երևան, 1967 թ., էջ 370) այս երգի մասին կարդում ենք. «Զուլոն, ինչպես ականատեսներից լսել ենք, 1850-ական թվականներին է ապրել, մի շատ գեղեցիկ, բայց և կասկածելի բարքի
տեր կին, որին սիրահարներ շատ են եղել։ Զուլոյի համար 43 քառյակ և եռյակ բերված են «Քնար հայկական», եր. 173, ուր կրկնակն է.
Հավա՜ր Ջոզո, մ ադա՛թ Զոզո,
Սանի գյորդում, յանղըմ, Ջոզո։
Այս կրկնակը ժամանակի ընթացքում արդեն փոխված է. երկրորդ տողը ժողովուրդն ինքը թարգմանած է հայերեն, ավելացնելով և մի երրորդ տող, ինչպես ունի ձայնագրած Կոմիտաս վարդապետը, և է հետևյալը.
Հավա' ր Զուլո, մադա՛թ Զուլո,
Քեզի տեսա, վառա, Զուլո,
Բացվիր, բացվիր, իմ վարդ Զուլո։
Սա սիրահար տղայի խոսքն է՝ ուղղված սիրած աղջկան՝ Զուլոյին: «Զուլո»-ն, հավանաբար, Զուլալ կանացի անվան կրճատ ձևն է: Տղան հայտնում է աղջկան, որ նրան տեսնելուց հետո վառվել է իր սիրտը, որի համար էլ հիմա, մի անսովոր տագնապով լցված, օգնության է կանչում նրան՝ խնդրելով վարդի նման բացվել իր համար:
Երգի հաջորդ հատվածում, ինչպես երևում է, երգի հերոսներն ամուսնանում են, քանի որ տղան հայտնում է, որ երբ արևը վեր էր բարձրանում, Զուլոն կապեց ոսկե քամար՝ գոտի: Չէ՞ որ ավանդական հարսանեկան ծիսական արարողության ժամանակ կարևոր նշանակություն ուներ հարսի ու փեսայի գոտի կապելու դրվագը: Դրա պատճառն այն է, որ գոտին, օղակելով իրանը, մարմինը բաժանում է երկու` վերին և ստորին մասերի, որոնք շատ ժողովուրդների տիեզերաստեղծման առասպելներում համապատասխանում են երկնքին ու երկրին: Գոտկատեղը մարմնի վերին և ստորին հատվածները միացնող միջին օղակն է, և գոտին կապելով` ծիսականորեն ամբողջացվում է մարդու մարմինը՝ իբրև մանրատիեզերք: Այդպիսով միավորվում են երկնքի (արական` մարմնի վերին մասը) և երկրի` (իգական` մարմնի ստորին մասը) ուժերը, որի շնորհիվ մարդը դառնում է անխոցելի, իսկ գոտին վերածվում է յուրօրինակ պահապանի, իբրև մի մոգական շրջանակ, որը պահպանում է կրողին ամեն տեսակ չարից ու փորձությունից:
Երգի խոսքերը՝
Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,
Քեզի տեսա՝ վառա Զուլո.
Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո,
Քեզի տեսա՝ վառա Զուլո:
Կրկ.
Բացվի՛ր, բացվիր, բացվիր,
Բացվի՛ր, իմ վարդ Զուլո:
Արևն ելավ, կամար-կամար,
Զուլոն կապեց ոսկի քամար.
Ես կմեռնիմ քեզի համար,
Հավա՜ր Զուլո, մադա՜թ Զուլո:
Կրկ.
Բացվի՛ր, բացվիր, բացվիր,
Բացվի՛ր, իմ վարդ Զուլո:
Рекомендуемые видео




















